ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն

Ջրավազանային կառավարման պլանավորման գործընթաց

Հայաստանի ջրային օրենսգիրքը, ջրի ազգային քաղաքականությունը և ջրի ազգային ծրագիրը պահանջում են ջրավազանային կառավարման պլանների մշակում: Ջրային օրենսգիրքը սահմանում է ջրավազանային կառավարման պլանը որպես ջրերի կառավարման համակողմանի փաստաթուղթ, որը պետք է նկարագրի ջրավազանի տարածքում կառավարման և պահպանության իրականացվելիք միջոցառումները օրենսգրքի նպատակներին հասնելու համար, ինչպես նաև պետք է հավասարակշռի բոլոր ջրօգտագործողների միջև փոխկապակցված հարաբերությունները` ներառյալ համայնքները, էներգիայի արտադրությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և շրջակա միջավայրը:

Համաձայն ջրի ազգային քաղաքականության` ջրավազանային կառավարման պլանները պետք է ներառեն քարտեզագրական տվյալներ, տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների, ջրային և հարևան էկոհամակարգերի, հիդրոտեխնիկական կառուցվածքների, բնական ռեսուրսներից ջրառի և կեղտաջրերի հեռացման վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև ջրավազանի տարածքում արգելված կամ որոշակիորեն սահմանափակված միջոցառումների ցանկ: Պլանները նաև պետք է հաշվի առնեն տվյալ ջրավազանի բնութագրերը և ապահովեն հանրային մասնակցություն հասրակական լսումների և քննարկումների միջոցով, իմչպես նաև համապատասխան տեղեկատվությունը լրատվամիջոցների միջոցով փոխանցելով:

Ջրի ազգային ծրագիրը ներառում է ջրավազանային կառավարման պլանի մշակումը` որպես փուլային միջոցառումների ծրագրի հիմնահարցերից մեկը:

ՀՀ կառավարություըն 2011թ. փետրվարի 3-ին ընդունել է «Ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությունը հաստատելու մասին» N4 արձանագրային որոշումը, որը հանդիսանում է տեխնիկական առաջադրանք հանրապետությունում 6 ջրավազանային կառավարման պլանների մշակման ժամանակ:

Ջրային ռեսուրսների կառավարման հետագա քայլերն են.

  1. Ջրի ազգային ծրագրով ամրագրված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների իրականացում,
  2. Ջրավազանային տարածքային կառավարման բաժինների հզորացում,
  3. Ջրային ռեսուրսների կառավարման ապակենտրոնացում,
  4. Ջրային ռեսուրսների կառավարման խնդրում հասարակայնության մասնակցության և դերի բարձրացում,
  5. Ջրային ռեսուրսների կառավարման գործիքների հզորացում: